Այդ ուժերը պետք է գիտակցեն, որ այս տարիների ընթացքում իրենց սպառել են՝ մեղմ ասած, ժողովրդի վստահությունը նրանց հանդեպ զրո է եւ Խորհրդարանում հայտնվելը չպետք է լինի ինքնանպատակ, ընդհակառակը, ճիշտ կանեն՝ չմասնակցեն եկող ընտրություններին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ հետ վարչապետի թիմի առաջիկա գործակցությանը։
«Թող չմասնակցեն ընտրություններին, 5 տարի ժամանակ ունեն, թող պատրաստվեն այդ ընթացքում, լինեն լավ ընդդիմություն։ Այսօրվա վարչապետը 20 տարի եղել է ընդդիմադիր։ Թող փորձեն՝ մասնակցեն, կհայտնվեն խորհրդարանում, կհայտնվեն, չէ՝ չէ»,–ասաց Հրաչյա Հակոբյանը։
Դիտարկմանը՝ այսինքն այս պահին ինքնասպանությո՞ւն է առաջարկում այդ ուժերին, «Ելքի» պատագամավորը պատասխանեց՝ լավագույն տարբերակը դա է։
Անդրադառնալով այդ ուժերին նախ՝ հակահեղափոխական հայտարարելու, հետո էլ նրանց հետ բանակցելու հակասական քայլերին, Հրաչյա Հակոբյանն ասաց՝ սա քաղաքականություն է եւ չի կարծում, որ կարելի է անվերապահորեն վստահել որեւէ ուժի։
«Կոնկրետ գործողություններ այս պահին ոչ մի ուժից չենք ակնկալում եւ չենք վստահում ՀՅԴ–ին կամ «Ծառուկյան» դաշինքին կամ ՀՀԿ–ին։ Ոչ թե չենք ակնկալում, այլ անակնկալի չենք գա, եթե այդ գործողությունները չլինեն։ Արդեն մենք պատրաստ ենք մնացած բոլոր սցենարներին»,–ասաց Հրաչյա Հակոբյանը։
Հակահեղափոխական չլինելը գործով ապացուցելու հնարավորության մասին «Ելքի» պատգամավորն ասաց, որ կգա ժամանակը եւ կտեսնեն՝ այդ ուժերը սեփական թեկնածու կառաջադրե՞ն, թե՞ ոչ, ինչքանո՞վ կնպաստեն խորհրդարանի ինքնալուծարմանը։ Եթե «ազգանվեր, պետականամետ քայլի գնան», դրանով կապացուցեն, որ ինքնամաքրվել են։
Այդ քաղաքական ուժերին նա կոչ արեց շնորհավորել հայ ժողովրդին՝ հեղափոխության հաղթանակի առիթով եւ հայտարարել, որ թեկնածու չեն առաջադրելու։
Հակահեղափոխականներին վարչապետի թիմում փնտրելու մասին Ծառուկյանի հայտարարությանը Հակոբյանը հակադարձեց՝ Նիկոլ Փաշինյանը իր թիմում չունի հակահեղափոխականներ։











