Եթե ինձ նայում եք ու մտածում, որ ես նման եմ ճնշվողի, չարաչար սխալվում եք։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը վարչապետ Փաշինյանին աջակցություն հայտնած ՀՀԿ խմբակցության մեկ ու կես տասնյակ պատգամավորների հետ ստորագրել է հայտարարությունը։ Այսպես նա մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի խոսքը, թե հայտարարությունը ստորագրողների մի մասի հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը։
«Ես այդ կոչի գաղափարը առաջ եմ քաշել մայիսի 8–ին, երբ քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հակադրություն եմ ունեցել իմ նախկին խմբակցության՝ ՀՀԿ–ի հետ, որի կազմից դուրս եմ եկել մայիսի 29–ին՝ հենց այդ հակասությունների պատճառով։ Այդ օրվանից մինչեւ օրս բոլոր հրապարակային ելույթներում խոսել եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին եւ բոլոր հիմնավորումները բերել եմ դրա համար եւ երեկ երբ տեսա նման նախաձեռնություն կա, որոշեցի միանալ»։
ՀՀԿ խմբակցության կազմում պատգամավոր դառնալիս արդյո՞ք այսպիսի մտավախություն չուներ՝ հարցին, Շիրակ Թորոսյանը պատասխանեց՝ 2007 թվականին է մտել ՀՀԿ խմբակցություն, երբ դեռ համաժողովրդական հեղափոխության թեմա չկար։
Նա չնշեց, թե ով է վարչապետին աջակցություն հայտնելու փաստաթղթի նախաձեռնողը, պարզապես ասաց, որ իմացել է այդ մասին, մոտեցել, ստորագրել։
Դիտարկմանը, որ նրան կարող են մեղադրել իշխանահաճո գործելաոճի մեջ, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Ես երբ հակադրվեցի ՀՀԿ–ին, այն ժամանակ եւ մինչեւ այսօր, թերեւս, ամբողջ իշխանությունն էր նրանց ձեռքին, իսկ այսօր օրենսդիր իշխանությունը։ Այնպես որ, իմ գործողությունները գնահատվում են որպես ժողովրդահաճո, ոչ թե իշխանահաճո եւ իմ մտածողության արգասիք»։
Հետագա քայլերի մասին պատգամավոր շատ բան չասաց. իր ղեկավարած կուսակցությամբ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հնարավոր է՝ դաշինքով որեւէ կուսակցության հետ, բյաց ոչ ԲՀԿ–ի։
Քաղաքացիական պայմանագրին անդամագրվելու մտադրություն Շիրակ Թորոսյանը չունի։
«Ամեն դեպքում, կյանքիս նպատակը չի եղել ԱԺ պատգամավոր լինել, բայց կան հարցեր, որոնցով զբաղվել եւ զբաղվում եմ. պատգամավորի կարգավիճակը ավելի մեծ հնարավորություն է տալիս այդ խնդիրներով զբաղվելու համար»,–ասաց Թորոսյանը։
Վերջին զարգացումները նրա համար մասամբ կանխատեսելի էին, բայց ժամկետների առումով անակնկալություն կար։











