«Ռոսատոմը» Հայաստանից ստանում է դրական ազդակներ այնտեղ նոր էներգաբլոկի կառուցման իր առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՀՀ այցի ժամանակ Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանն առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ՝ հիմնված ՎՎԷՌ-1000 (VVER-1000) ռեակտորային տեխնոլոգիայի վրա։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներն առաջացնում են «հսկայական դրական հասարակական արձագանք»։ «Եվ այսօր մեր ունեցած բոլոր շփումները վկայում են մեր առաջարկի չափազանց դրական ընդունման մասին՝ հնարավորինս արագ կառուցել ՎՎԷՌ-1000 գիգավատ դասի էներգաբլոկ՝ այս նախագծի ամեն տեսակ հնարավոր աջակցությամբ և օպտիմալացմամբ», - ասել է Լիխաչովը։