Նոր իշխանությունը, ամեն դեպքում, տարբերվում է նախորդից, թող պարոն Աշոտյանը իրենց իմացածով չչափի նորերին։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե ՀՀԿ խմբակցության 16 պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին սատարելու որոշում են կայացրել ճնշումների ու հետապնդումների հետեւանքով։
«Ճնշումներից ես տեղյակ չեմ, չեմ կարծում, որ եղած լինեն։ Վստահ եմ երկար բանակցությունների արդյունքում են եկել այդ եզրահանգման»,–ասաց Գեւորգ Գորգիսյանը։
Նա նկատեց, որ ճնշումները նախորդ իշխանության գործելաոճն են, նորերի վրա պետք չէ տարածել. «Մարդն ինչպես է՝ ցանկացած իրավիճակ մեկնաբանում է իր իմացածի եւ ճանաչածի կոնտեքստում։ Կարծում եմ, ճնշումների կարիք չէր լինի, որովհետեւ կառավարությանը ճանաչելով՝ նրանք կարողանում են շատ լավ բանակցել»։
Այդ դեպքում ինչպե՞ս է մեկնաբանում Նաիրա Զոհրաբյանի բողոքը, որ նոր իշխանությունները իր դեմ պայքարում են ֆեյսբուքյան կեղծ պրոֆիլների միջոցով հայհոյանքներ տարածելով՝ հարցին, «Ելքի» պատգամավորը պատասխանեց. «Սոցցանցերի ֆեյքերը չեն կարող ազդել քաղաքականության վրա»։











