Մեծ դեղնաշագանակագույն պտուղներ են պատին եւ խաղող հիշեցնող ողկույզ։ Էկզոտիկ, Հայաստանի բնակիչներին անծանոթ պտուղներ՝ ընդամենը կակաո եւ սուրճ՝ որոնց համը, ի տարբերություն տեսքի, այդքան ծանոթ եւ սիրելի է հայերին։

Երեւանի Ազատության հրապարակում իրարանցում է։ Այստեղ՝ Ֆրանկոֆոնիայի ավանի, կարելի է ասել, ոչ մեծ տարածքում տեղադրված են մի քանի տասնյակ տաղավարներ։ Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում։ Ֆրանսիա, Հայաստան, Լիբանան, Սենեգալ, Ռուանդա, ԱՄէ, Կիպրոս, Կոնգո, Կոտ Դ Իվուար (Փղոսկրի ափ)՝ ահա ավանի մասնակիցների ոչ լրիվ ցանկը։

«Կոտ Դ Իվուարը հայտնի է երեք մթերքով՝ կակաո, սուրճ եւ բամբակյա տեքստիլ։ Պատվիրակությունը Երեւան է բերել ինչպես շոկոլադ, այնպես էլ գործվածք։ Դիզայներներն ու ոճաբանները եւս Կոդ Դ Իվուարից են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտ Դ Իվուարում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Սոն Գիլ Կատերինը։ Հայաստանում նա առաջին անգամ է եւ ճանապարհորդության մասին հիացմունքով է արտահայտվում։ Նրա խոսքերով՝ գործընկերները հայաստանցիների հետ համագործակցության առաջարկություններ են բերել։

Մինչեւ պաշտոնական մասի սկսվելն ավան այցելեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Ֆրանկոֆոնիան կարող է հպարտանալ իր բազմազգ ընտանիքով։ Երեւանը հյուրեր ընդունելու համար քիչ ջանքեր չի գործադրել»,- քիչ ավելի ուշ ավանի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց նախարարը։ Նա ընդգծեց, որ միջոցառման գլխավոր ուղերձն է՝ «ապրել խաղաղության եւ ներդաշնակության մեջ, առանց հակամարտությունների»։

Ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի ինքնատիպ փառատոնի մասնակիցներին ողջունեց Երեւանի քաղաքապետի ժ/պ Կարո Արեյանը եւ ՖՄԿ-ի ադմինիստրատոր Ադամ Ուանը։ «Ինչպես երգում էր մեծն Ազնավուրը, երկարաձգենք երիտասարդությունը մինչեւ արբեցում»,- ներկաներին Երիտասարդության օրվա առթիվ շնորհավորելով՝ ասաց Ուանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը կնպաստի արևային Հայաստան զբոսաշրջիկների հոսքին։

Երեկոն շարունակվեց համերգային ծրագրով, գինիների եւ սուրճի համտեսով։