Նախկին բանկիր, իսկ այժմ շոկոլադագործ՝ հեռավոր Կոտ Դ Իվուարից Ակսել Էմանուելը պատրաստ է համագործակցել այդ ոլորտում հայաստանցի մասնագետների հետ։ Իր «քաղցր» ծրագրերի մասին նա խոսեց NEWS.am-ին տված հարցազրույցում։
«Ես ոչ միայն շոկոլադ արտադրող եմ, այլ նաեւ արտահանման չեմպիոն»,- ասաց Էմանուելը, ով իր երկրի արտադրանքն է ցուցադրում այսօր Երեւանում բացված Ֆրանկոֆոնիայի ավանում։ Նա սեփական արտադրության 18 տեսակի շոկոլադ է բերել մեր քաղաք։
«Կոտ Դ Իվուարը կակաոյի արտահանմամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Տարեկան արտահանվում է 2 մլն տոննա շոկոլադ։ Երկիրը 25 մլն բնակիչ ունի, սակայն նրանցից երեքն են զբաղվում շոկոլադի արտահանմամբ, որոնցից մեկը ես եմ»,- պատմեց Էմանուելը։ «Իմ երկրում շատ բան կա, սակայն չկա շոկոլադի բրենդ։ Մինչեւ Երեւան գալս ես գիտեի, որ հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունն իմ երկրից շոկոլադ է գնում։ Գալով այստեղ՝ ես գնացի խանութ եւ այդ ընկերության շոկոլադ գնեցի։ Ավելին, ես իմացա, որ Հայաստանում շոկոլադի շատ տեսակներ կան»,- նշեց շոկոլադագործը՝ հավելելով, որ մտադիր է իր երկրի մասնագետների շրջանում քարոզոել Հայաստանի հետ համագործակցելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ մինչեւ տարեվերջ մեկ անգամ էլ գալ եւ ներկայացնել այն շոկոլադները, որ կստեղծենք «Գրանդ Քենդիի» հետ համատեղ, եւ նույնիսկ նոր բրենդ ներկայացնել»,- տեղեկացրեց Էմանուելը։











