«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Ստրասբուրգ է գնացել իսկությունը պաշտպանելու։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով խոսակցությունները, որ Նազարյանը ԵԽԽՎ է գնացել՝ հակազդելու ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի բացասական հայտարարություններին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։
Նա, փաստորեն, Ստրասբուրգում միայնակ չէ. «Պարոն Մարուքյանը այնտեղ զբաղված է նույն գործով»,–ասաց Գորգիսյանը։
Նա նկատեց, որ տիկին Նազարյանը գնացել է որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ եւ խմբակցության ղեկավար՝ ներկայացնելու այն իրավիճակը, որը կա իրականում. «Որովհետեւ այն, ինչ անում են Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչները միջազգային հարթակներում, միակողմանի է ներկայացնում իրավիճակը։ Միշտ պետք է լինի հակառակ կարծիքը ներկայացնող»։
Ո՞րն է հակառակ կարծիքը՝ հարցին, պատգամավորը պատասխանեց. «Հայաստանը գնում է ժողովրդավարացման ճանապարհով, դրան խոչընդոտել պետք չէ, ժողովրդի կամքն է դա եւ շուտափույթ եւ օր առաջ ԱԺ ընտությունները միայն բխում են ՀՀ կայունության շահից»։
Մեկնաբանելով կարծիքը, որ Լենա Նազարյանը գնացել է, որպեսզի ԵԽԽՎ համազեկուցողները չգան Հայաստան եւ ավելի վատ չլինի, Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Թող գան, ավելի վատ լինելու որեւէ խնդիր չեմ տեսնում»։











