Մենք շարժման ակունքներում ենք եղել, կանք եւ լինելու ենք. խմբակցության միասնական մոտեցումը պրն Ծառուկյանը ներկայացրել է վարչապետին, եթե ենթատեքստեր են տեսնում կամ եթե մտածում են, որ այլ հանգամանքներ են շարժառիթ հանդիսացել, պետք է հիասթափեցնեմ եւ ասեմ՝ այդպես չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը։
Դիտարկմանը, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի որոշումը ֆորսմաժորային չէր, Էնֆիաջյանը հակադարձեց. «Հաճախ ներկայացնում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախադրյալն ու հիմքն է եղել պատճառը, որ նման մեկնաբանությամբ հանդես գանք, բայց եկեք մեր օպոնենտներին եւ բոլորին ասենք, որ Գագիկ Ծառուկյանը դեռեւս գարնան վերջին արտահերթ ընտրությունների հարցը պրն Փաշինյանի հետ քննարկելիս առաջարկությամբ է հանդես եկել՝ եթե անհրաժեշտ է, կարող ենք հունիսին էլ կազմակերպել»։
Նա վստահեցրեց, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու գաղափարը իրենց դաշինքում միշտ էլ օրակարգային է եղել։
«Եվ երբ որ պարոն Փաշինյանը արտերկրից հայտարարեց, որ ցանկություն ունի խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին, ես՝ որպես «Ծառուկյան» խմբակցության քարտուղար, պատրաստակամություն եմ հայտնել եւ ասել եմ՝ այո, այդ օրակարգի շուրջ պատրաստ է մեր դաշինքը քննարկումներ սկսել»,–ասաց Վահե Էնֆիաջյանը։
Այդ դեպքում, ինչո՞ւ խմբակցությունը կողմ քվերակեց ԱԺ կանոնակարգ–օրենքի փոփոխություններին՝ հարցին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ժամանակահատվածը եւ որոշ մարդկանց մեկնաբանությունները սրեցին իրավիճակը։ Մեր ազնիվ նպատակները որեւիցե մեկը չի կարող խախտել»։
Նա ընդգծեց, որ «ժողովրդի թեկնածուն» իրենց համար ընդունելի է. «Հիմա էլ փաստաթուղթ ենք ստորագրել. ամենակոմպետենտ մարդկանցից՝ Գագիկ Ծառուկյան եւ Նիկոլ Փաշինյան, փաստաթուղթը ստորագրել են, որ բոլորի համար հասկանալի լինի»։
Խմբակցության ներսում տարաձայնությունների մասին Էնֆիաջյանն ասաց. «Մեր ներսը լարված կամ սուր արտահայտիչ այլ մեկնաբանություններ չեն եղել»։
Այսուհանդերձ, նա փաստեց, որ արտահերթ ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերը նախապատրաստվելու եւ համահավասար մեկնարկի պայմաններ ունենալու անհրաժեշտություն ունեն. «Միշտ կարեւորվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, հիմա չե՞նք կարեւորում»։
Ճշտող հարցին՝ այդ ամենը մինչեւ դեկտեմբեր հնարավո՞ր է հասցնել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Եթե կառավարությունն է այդ պատասխանատվությունը վերցրել, որ պետք է հասցնի եւ ասում է, որ հասցնում ենք, ուրեմն մենք պատրաստ ենք ու պատրաստակամ ենք»։











