Հարկային օրենսգրքի փոփոխությունները կարող է հունվարի 1-ից չլինեն, այլ ասենք մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով փաստին, որ եթե ԱԺ-ն առաջիկա շաբաթներին լուծարվի, խորհրդարանը չի հասցնի ընդունել հարկային օրենսգրքի փոփոխությունները, այդ թվում եկամտային հարկի դրուքաչափի փոփոխությունները:

«Քաղաքական իրադարձություններն այնպիսի սրընթաց  փոփոխությունների հանգեցրեցին, որ այո, կարող է հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ասենք մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից: Բայց, որ հստակ է կառավարությունը եկամտային հարկի բեռի նվազեցման անելիքների առումով, հստակ իմացեք, ուղղակի հունվարի 1-ի առումով, կարծում եմ, որ մենք չենք հասցնելու»,-ասաց Անանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունը մտադիր էր հունվարի 1-ից ուժի մեջ դնել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում էր մասնավորապես, բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։