Պայմանավորվածություններ չենք խախտում, մենք վաղուց էինք պայմանավորվել, որ որեւէ խոչընդոտ չլինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցով քվեարկության մասին։

Նա հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ելույթում առաջ քաշված մտքերը, նկատելով. «Քանի որ այս ամեն ինչը ձեւական բնույթ է կրում, ելույթը չէր կարող ծրագրային լինել»։

Նա անդրադառնալով ԸՕ փոփոխություններին, ասաց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրություններից առաջ բավականին լուրջ խնդիր է բարձրացնում  եւ ազդում միջազգային հարթակներում մեր հեղինակության վրա։ Բոլորը պետք է դա գիտեկցեն։  Ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի ընտրական օրենսգիրք փոխել»։

Պատգամավորը այն դիտարկմանը, թե ռեյթինգային համակարգը բխում է ՀՀԿ–ի շահերից արձագանքեց՝ պատասխան հարցով. «Իսկ ընտրությունները դեկտեմբերին նշանակելն ո՞ւմ շահերից է բխում»։

Հարցին՝ արտահերթ ընտրություններին ՀՀԿ–ն մասնակցելու է, թե ոչ, Բաղդասարյանը պատասխանեց. «Համբերեք, կտեսնեք»։