Հունիսին աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11 տոկոս, ու հետաքրքիր էր, թե էդ ի՞նչ է տեղի ունեցել, որ մեր տնտեսությունը սենց թռել է, որ հետեւից չենք կարողանում հասնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմելով վարչապետի նշեց, որ որոշ տնտեսագետներ մտահոգություն են հայտնում, որ տնտեսական աճի տեմպերը շարունակում են գահավիժել, նաեւ մտահոգություն ունեն, որ տարեվերջին ՀՆԱ աճի տեմպերն են նվազելու, ինչպես նաեւ արտահանման ծավալներն են նվազել, ինչը կարող է հանգեցնել դրամի արժեզրկման:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատեց, որ հունիսի 11 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորված է եղել նրանով, որ այդ ամսին եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն. «Մենք գնացել բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ ենք դրել ու արձանագրվել է տնտեսական աճ: Մենք սա՞ ենք ուզում: Գործող տնտնեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում, երբ մենք ասում ենք դու սա ներկրի, դու դա ներկրի, դու էս կառնես, դու էս կվաճառես, դու կտաս էսքան հարկ: Եթե հրաժարվում ենք դրանից, դա ճեղք է բերելու եւ մենք այդ ճեղքը պետք է լցնենք, թե չէ կմնանք բուքմեյքերական գրասենյակի պատանդ»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ նախկինում մեր տնտեսական աճի ցուցանիշների մասին պնդումները եղել են ֆեյք պնդումներ. «Որովհետեւ մեր տնտեսությունը եղել է հետեւյալը. Մենք մեր ընդերքը քանդել ենք, վաճառել, ասել ենք՝ արտահանում ունենք: Ով ասես տենց կարտահանի, մենք դա ենք ուզո՞ւմ: Մենք ուզում ենք, որ ագրարային երկրից Հայաստանը վերածենք բարձր տեխնոլոգիաներ արտահանող երկրի»:

Որպես դրական տնտեսական ցուցանիշ Նիկոլ Փաշինյանը նշեց այն, որ անշարժ գույքի գներն աճում են, ինչը ձեռնտու է բոլորին, որոնք տուն ունեն: