Ընթանում է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն է:

Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել այս օրինագծին, սակայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը չէր ընդունվել: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը:

Օրինագծերի փաթեթը ստացել էր 56 կողմ ձայն, սակայն ընդունվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի 3/5-ի ձայները (63):

Դրանից հետո «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել օրինագիծը եւս մեկ անգամ օրակարգում ընդգրկելու հարցով: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կքննարկվի հոկտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում:

Եթե այս անգամ էլ փաթեթը չընդունվի, ապա դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն գործող Ընտրական օրենսգրքով: