ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը լինելու է հեղափոխական, պետք է քաղաքական սերնդափոխության հնարավորություն ընձեռնվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Պետք է լինեն երիտասարդներ, բայց քաղաքական մտքի կրողներ լինեն, ցուցակը պետք է քաղաքական լինի, երկրորդ չպետք է կտրվի փորձը դրական, որն անցյալում կուտակվել է։ Տարիքով ավագ սերունդն էլ պետք է ներկայացված լինի,պետք լինեն դեմքեր, որոնք ընկալելի են հասարակությանը իրենց փորձով, գիտելիքներով,  սակայն նրանք, որոնց անունը պախարակված չէ։ Ցուցակը պետք է լինի ներառական, այսինքն պետք է լինի ՔՊ-ն եւ հասարակության այլ շերտեր եւ խմբեր ներկայացնող մարդիկ։ Պետք է ամենաընդունելի ցուցակը լինի»,-ասաց նա։

Հարցին, թե ԱԺ նախագահի թեկնածու համարվում է ինքը՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ թեկնածուները շատ են։