«Մեր շանսերը կախված են մեր ժողովրդից, մեր ժողովրդի ցավը տանեմ, ինչքան կվստահեն, այնքան էլ կտան»։ Այսօր՝ հոկտեմբերի 29–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսպես արձագանքեց հարցին, թե ինչ շանսեր ունի իրենց ուժը արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Մենք հետեւողական ենք լինելու, համապատասխան ինչ–որ մենք ասել ենք, դա անելու ենք։ Քաղաքականությամբ մենք չենք ապրում, որ դրա հաշվին պիտի ապրենք, հեղինակություն ձեռք բերենք, մենք ուզում ենք լավ լինի, մեր հնարավորությունները, ծանոթությունները, մեր կապը դարձնենք իրականություն, որովհետեւ ես ժողովրդի ծոցից ելած եմ, սովորական ընտանիքից, բոլորի խնդիրներն ու պրոբլեմները սաղ գիտեմ»,–նշեց նա։

Լրագրողի հարցին, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը, Ծառուկյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, ուզում ես՝ Նապոլեո՞նը գլխավորի, ի՞նչ ես ուզում, ասա իմանամ։ Բայց ի՞նչն է պատճառը, որ Ծառուկյանը գլխավորի, թե չէ»։

Լրագրողն արձագանքեց, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, ինչին ի պատասխան Ծառուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը. «Պարոն վարչապետը ձեզ ասաց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, Ծառուկյանը իր գործունեությունը հանձնել է կառավարաման, որ ասենք էսօր հիմնականը դա է խնդիրը, ձեր ցավը տանեմ։ Եթե իմանամ՝ ես խանգարում եմ իմ ժողովրդին, որ ես վնաս եմ բերելու, ես հրաժարվեմ, հարց չունեմ»։

Հարցից, թե այդ պարագայում մեծ սեփականատիրոջ ինչի՞ն է պետք ԱԺ–ում հայտնվելը, Ծառուկյանը վրդովվեց. «Հետաքրքիր ա, ես քեզ ասեմ, որ շատ հարցերը, որ տալիս ես, դա քեզ ա պետք, Ծառուկյանը եթե էսօր ամեն ինչ ունի, այդ կապերն էլ, հնարավորությունն էլ, որ Ծառուկյանը կարա ինչ ասես անի իր երկրի համար, Ծառուկյանի չափ անող երկրորդը չկա, որ բոլոր ոլորտներից իր ցանկությամբ իր հասանելիքը, որ կարողանում է լիարժեք բոլոր ոլորտներին բաժանի, ոչ թե ձեւի համար, որ կարողանա ինչ–որ ձեռագիր թողի, որ էսօր մարդու արածը գնահատում է Աստված եւ ժողովուրդը, ես էդ մարդն եմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող է ուժը ընդդիմադիր լինել, եթե ծափահարում են հեղափոխությանը, Ծառուկյանը նշեց. «Բայց էսօր ամբողջ ժողովուրդն է ծափահարում, մենք էսօր համապատասխան գնում ենք ընտրության, ընտրությանը համապատասխան ընդդիմություն կլինենք, ես ի՞նչ ասեմ»։

Հարցին՝ շարունակելո՞ւ են այլընտրանք լինել, պատգամավորը պատասխանեց. «Եղբայր ջան, ուրեմն առուն չթռած չես կարող ասել, կգնանք ընտրության, ամեն ինչ պարզ կլինի»։