Միասնական, մի մարդու պես 31 պատգամավոր այստեղ է եղել, մենք կողմ ենք եղել, մնացածը թող իրենք իրենց մեջ փնտրեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրնեսգրքի փոփոխությունների փաթեթը, չբավարարեց ընդամենը մեկ ձայն:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ երրորդ անգամ նախագիծը բերվի խորհրդարան, Ծառուկյանն արձագանքեց. «Ես չգիտեմ»:
Ինչ վերաբերում է փաստին, որ դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները, ըստ էության, անցկացվելու են գործող ընտրական օրենսգրքով, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ինձ ոչ մի բան չի մտահոգում, ես ասացի՝ նա էլ է մեզ ձեռք տալիս, նա էլ, բայց դա անհրաժեշտ է մեր ժողովրդին: Մարդկանց դրսից ենք բերել. կնոջը թողել է, ինքն է եկել, մարդը, որ հիվանդ պառկած էր, բերել ենք, մարդն իր սկզբունքին հակառակ եկել է հանուն թիմի, հանուն Ծառուկյանի»:
Նշենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով, այդ թվում ժամանակին ՀՀԿ-ի համար հսկայական ձայներ ապահովող ռեյտինգային համակարգով:











