Ռեյտինգային ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը կլարվի. բարեկամ-հարազատ իրարից կնեղանան, սա ժողովդին էր վնաս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի երկրորդ տապալումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե ով էր մեղավոր, որ չընդունվեցին այս փոփոխությունները, նա արձագանքեց. «Հանցագործություն չի կատարվել, որ մեղավոր-անմեղ որոշենք. Չի ընդունվել նոր ընտրական օրենսգիրքը, մենք էլ հնով կգնանք, ի՞նչ ա եղել: Կարեւորն այն է, որ օրենքի տառը պետք է պահպանվի, ոչ թե բերեն ջարդեն, փշրեն, լցոնումներ անեն կամ փող բաժանեն»:

Հարցին, թե թաղային հեղինակությունները չե՞ն կարող ազդել ընտրությունների վրա, Միքայելյանը պատասխանեց. «Ժողովուրդը վախի մթնոլորտից դուրս է եկել: Ես չեմ հավատում, որ ՀՀԿ-ն կարող է ձայներ հավաքել»:

Նա ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը քննարկումների փուլում է: Ինչ վերաբերում է իրեն, Սասուն Միքայելյանը կատակով նշեց, որ ինչ ծնվել է Ազգային ժողովում է. «1995 թվականի: Կամ ԱԺ-ում եմ եղել, կամ ճակատում, կամ էլ գաղութում»:

Հարցին, թե հնարավո՞ր է նոր խորհրդարանում իր փոխարեն իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը լինի, քանի որ դա Հայաստանում կարծես սովորույթ է դառնում, «Ելք»-ի պատգամավորը պատասխանեց. «Իմ ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի են: Իմ ընտանիքը իրավաբանական ձեւավորման մեջ շատ մեծ, քան օլիգարխները, դերակատարություն է ունեցել, 1988-ից մինչեւ այսօր, ու մեծ դժվարություններ է կրել ի տարբերություն բոլորի: Բոլորի պես չեն վազել կանգնել Նիկոլ Փաշինյանի կամ Սասուն Միքայելյանի կողքը նկարվել, ցույց տալ, իրենց գործն են արել»: