Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու։ Նրա թեկնածությունն առաջադրելու համար ստորագրել է 43 պատգամավոր՝ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաեւ ՀՀԿ–ի քաղաքական թիմից հեռացած Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։

Վարչապետի միակ թեկնածուի ընտրության հարցը քննարկվելու է նոյեմբերի 1–ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։ Ըստ իշխանությունների սցենարի՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանը եւս չի ընտրվի, որից հետո խորհրդարանն օրենքի ուժով ազատ կարձակվի։ Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հստակեցրել էր, որ իր առաջադրումն այս անգամ եւս ֆորմալ բնույթ է կրելու, ինքը այդ օրը խոսելու է տնտեսության զարգացման մասին։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը 3–րդ անգամ Ազգային ժողով չի բերվի։«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ նման որոշում են կայացրել՝ ժամանակի նպատակահարմարությունից ելնելով։ Այսպիսով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործող օրենսգրքով։ Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախօրեին ստացավ 62 կողմ ձայն, չբավարարեց ընդամենը մեկ ձայն, որ այն ընդունվի:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։«Հետք»–ը պարզել է, որ պաշտոնյայի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։ Գրանտ ստանալու համար Ավինյանը դիմել է այս տարվա փետրվարին, երբ Երեւանի ավագանու անդամ էր, իսկ մրցույթը կայացել է մայիսի վերջին, երբ նա արդեն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։ Նշենք, որ հիմնադրամի տնօրենն այդ ժամանակ Գեղամ Գեւորգյանն էր, որն օրերս նշանակվել է գյուղատնտեսության նախարար։ Ավինյանի գրասենյակից վստահեցնում են, որ այստեղ որեւէ ռիսկ չկա. մրցույթի միջոցով «Իրիգեյթին» ընտրել է անկախ հանձնաժողովը: Փոխվարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2–ը, մինչդեռ վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ 27–ն է ճանաչվել հաղթող, այդ թվում՝ «Իրիգեյթը»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը պետությունների ղեկավարների մակարդակով է լուծվելու։Այս մասին ռուսական «ԷխոՄոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Նա նշել է, որ պաշտոնական Երեւանը սկսել է Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը։ Դեսպանը վստահեցրել է նաեւ, որ Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործն արտաքին երանգավորում չունի։

Նշենք, որ առ այսօր բաց է մնում հարցը՝ արդյոք Խաչատուրովից հետո Հայաստանին կմնա գլխավոր քարտուղարի մանդատը, թե ոչ։ Հայկական կողմը խուսափում է հարցին կոնկրետ պատասխանել՝ պատճառաբանելով, թե քննարկումներ են ընթանում։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»–ի գործով մեղադրյալներից է։

Հայաստան է ժամանել ֆրանսիացի երգիչ, բարիտոն ԺերեմիԴելվերը։Նա հայ հանդիսատեսին հայտնի դարձավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ «Հայկական վալս»–ը կատարելուց հետո։ Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատարը հոկտեմբերի 29–ին եւ 30–ինԵրեւանումմասնակցել է «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին, որը նվիրված է մեծ շանսոնյեի հիշատակին:

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, իսկ եվրոնէժանացել է։ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 30-ին կազմել է 485, եվրոյինը՝ 552, բրիտանական ֆունտինը՝ 620 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.40 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օդի ջերմաստիճանն կրկին կնվազի:Երեւանում վաղը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն: