Առջեւում ընտրություններ են, ՀՀԿ–ն մասնակցելու է եւ ժողովուրդը կորոշի, թե ՀՀԿ անդամները ինչով են զբաղվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։
Նշեց, որ ինքը զբաղմունք գտնելու խնդիր չունի, բայց կարծում է, որ ՀՀԿ անդամների հետ ինքն էլ քաղաքական դաշտում անելիք ունի, քանի որ քաղաքական մենաշնորհը երկրի համար վտանգավոր է։
Իրենք մտադիր են դառնալ, Նիկոյանի խոսքով, իրական, պետականամետ ընդդիմություն, որը ծառայություններ կմատուցի ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանություններին։
«Փառք Աստծո, որեւիցե մեկը չի կասկածում ՀՀԿ–ականների մասնագիտական ունակություններին եւ փորձառությանը, նոր իշխանություններին եւ մեր ժողովրդին հստակ ասելու ենք՝ ինչն են սխալ անում, ինչն են ճիշտ անում, որ ժողովուրդը կարողանա իր վերահսկողական ֆունկցիան ցանկացած կառավարության նկատմամբ իրականացնել»,–ասաց Սամվել Նիկոյանը։
Արտախորհրդարանական ընդդիմություն դառնալու մտադրություն ՀՀԿ–ն չունի, ձգտելու է ներկայացված լինել Խորհրդարանում։











