2,5% շեմի փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա եկամտահարկի չափի փոփոխություն. դա կլինի հունվարի մեկից, թե այլ ժամանակահատվածում, չեմ կարող ասել, քանի որ դրանք փոխկապակցված են։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե կուտակային կենսաթոշակային համակարգում սպասվելիք փոփոխությունների արդյունքում հունվարից աշխատավարձից հատկացվող ամսական վճարը կգերազանցի սահմանված 2,5%-ի շեմը։
Նրա խոսքով՝ դեռ հուլիսին նախարարությունը բարեփոխումների առաջարկներ է մշակել եւ արդեն իսկ ներկայացրել ՀՀ կառավարությանը. «Քննարկվել են, որոշակի փոփոխությունների ենթարկվել: Իրականում դրանք գտնվում են վերջնական փուլում, բայց որոշ հարցերի պետք է անդրադարձ կատարվի՝ դրանց հնարավորություններն ու ռիսկայնությունը գնահատելու համար: Այդ փուլը չի ավարտվել, ուստի մեր առաջարկները դեռ նախագծի տեսքով են»:
Հարցին՝ արդյոք կենսաթոշակային կուտակային համակարգում կպահպանվի պարտադիրի բաղադրիչը, Մանե Թանդիլյանը, որ իրենց առաջարկները քննարկման ենթակա են համապատասխան մասնագետների կողմից. «Ռիսկայնությունը գնահատելով՝ պետք է ճիշտ որոշման գանք»:











