Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անպայմանորեն ազդելու են Հայաստանի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նման փոքր տնտեսությունների վրա այդ պատժամիջոցներն դրանք ավելի պինդ են ազդում. «Որովհետեւ մեծ տնտեսությունների տերերը, մասնավորապես ռուսական կապիտալը, ինչպես մինչեւ հիմա մեր երկրում իրացրել է իր հնարավորությունները, երբ իր երկրում վիճակը ծանրանում է, սկսում է մեր երկրից քերել: Որպեսզի դրանից խուսափենք, իրապես պետք է մեր գործունեությունը ակտիվացնենք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: Ճանապարհները բազմաթիվ են, անձնական շփումներից ուղիղ հանդիպումներից, ներքին կապերից մինչեւ քաղաքական ամբիոններ: Սրանում ես համոզված եմ»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաեւ տնտեսության դիվերսիֆիկացիայի թեմային՝ նշելով. «Ես գիտեմ աշխարհում մի երկիր, որի վրա երբեք որեւէ ճգնաժամ չի ազդել, դա Գերմանիան է, կարծեմ այդպիսին է նաեւ Ճապոնիան: Որովհետեւ այդ երկում տնտեսությունն այնքան դիվերսիֆիկացված է, որ եթե մի ճյուղ անկում է ապրում, մյուս ճյուղերը այդ անկումը փակում են: Շատ լավ է, որ ՀՀ-ն կարողանա այնպես դիվերսֆիկիացնել իր տնտեսությունը, որ ճգնաժամերը մեզ վրա չանդրադառնան: Դրա համար պետք է նայել մեր ռեսուրսներին:

Շատ վատ է, որ մեր ՀԷԿ-երը ջրաչափ չունեն, որ գաղտնի այգիներ կան, բայց շատ ավելի վատ է, որ ամեն տարի Սեւանա լճի չափ ջուր մենք կորցնում ենք, որը գնում է Կասպից ծով»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանի արդյունաբերության զարգացման լոկոմոտիվը լեռնամետալուրգիան է: Նա կոչ արեց վարչապետին ուշադրություն դարձնել այդ ոլորտին, որպես ոչ թե 400 հազար մարդը պահի 800 հազար մարդու, այլ 600 հազարը պահի 600 հազարին: