Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժնի ղեկավարն ու աշխատակիցը պակասող ստաժն անտեսելու և թոշակ ձևակերպելու համար կաշառք են պահանջել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։ Ըստ հաղորդագրության՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ասումնասիրել են դիմողի փաստաթղթերը և պատճառաբանել, որ նրան չի բավարարում երկու տարվա աշխատանքային ստաժ։ Այս հանգամանքը անտեսելու և թոշակը ձևակերպելու համար դիմողից պահանջել են 100.000 դրամ կաշառք, որն ինքը խոստացել է տալ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի սկզբին։ Օպերատիվ տվյալները ստանալուց հետո ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Երևան քաղաքի վարչությունների ու Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնում բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին և բերման ենթարկվել։

Կաշառքի առարկա գումարը առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։