«Երեւան, իմ սեր» ծրագիրը կնվիրաբերի Գյումրու երկրագիտական թանգարանի նախագծման աշխատանքերի ծախսը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8–ին, Գյումրի այցի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ նախագահ, «Երեւան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա նշել է, որ արդեն կարելի է ճարտարապետների մրցույթ հայտարարել։
«Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»,- ասել է նախագահը:
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի ընթացքում շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը:
Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի ժամանակ խոստացել էր հետևել երկրագիտական թանգարանի ապագային:
«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Երկրագիտական թանգարանի ծրագիրն Արմեն Սարգսյանի առաջին նախագիծը չէ Գյումրիում: Նախկինում նրա աջակցությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, որն էլ Հանրապետության նախագահի՝ Գյումրի այսօրվա այցի հաջորդ կանգառն էր:
«Ինչ- որ իմաստով Ձիթողցոնց տունը իմ անկյունն է, որովհետև իմ մեծ հայրը մի կողմից ձիթողցի է, բուն Ձիթողից, Էրզրումից»,-լրագրողներին ասել է նախագահը:











