Հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի ապագայում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ տնտեսական դաշտում էական տեղաշարժեր չեն եղել:

«Ես ուզում եմ ոչ թե իմ երեխաները տեսնեն տնտեսության ոլորտում փոփոխությունները, այլ անձամբ ես տեսնեմ, դրա համար ասում եմ՝ տղերք ջան, հեղափոխություն եք արել, արագ աշխատեք, վճիռներ կայացրեք»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է Հայաստանի տնտեսությունը հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության փոխարեն հիմնված լինի ՏՏ ոլորտի վրա, Բագրատ Ասատրյանը նկատեց, որ դա գլոբալ հարց է եւ ոչ ոք չի էլ ակնկալում, որ կարելի է 6 ամսում կամ մեկ տարում դա իրականություն դարձնել: «Բայց այսօր պետք է տեսնենք վերաբերմունքի փոփոխություն: Նաեւ սոցիալական համակարգում կան խնդիրներ, որտեղ վճիռներ են պետք»,-ընդգծեց նա:

Բագրատ Ասատրյանը նշեց, որ խոստացել է, որ մինչեւ փետրվար բացասական որեւէ բան չի ասելու գործող կառավարության մասին. «Թող նոր կառավարությունը ձեւավորվի, հետո կտեսնենք»: