ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Նաիրա Նահապետյանը չի ժխտում՝ ոլորտում կան անբարեխիղճ տնտեսվարողներ, սակայն միայն նրանց պատճառով ոլորտը ցնցումների տանել չի կարելի։ Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում։
«Ես իհարկե չեմ պնդում, որ չկան անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնց դեպքում սխալ է սանիտարական թողքերի հարցը։ Եթե գետի մեջ կա 2 խոր. ջուր, եւ 1.5-ը վերցնում ենք արտադրության համար, 0.5–ը պետք է մնա գետի մեջ, այսինքն՝ այդտեղ է խախտումը, բայց անբարեխիղճ տնտեսվարողի համար չի կարելի ամբողջ ոլորտը վերցնել եւ ցնցումների մեջ մտցնել»,–նշեց նա։
Նաիրա Նահապետյանըի խոսքով՝ ջրի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ՀԷԿ–երը ջուր չեն օգտագործում. «Մենք ջուր օգտագործող չենք։ Մենք օգտագործում ենք ջրի ուժը, իսկ ջուրը նույն քանակությամբ դուրս է գալիս գետի մեջ»։
Նա մանրամասնեց, որ իրեն պատկանող երկու ՀԷԿ–երում ստուգումներ անցկացվել են, ոչ մի խախտում չի հայտնաբերվել. «Ջրաչափական սարք չկա, որը մենք կկարողանանք կարգավորել, եթե պետք է որ դրվի, ուրեմն միանշանակ կդրվի»։
Հարցին՝ նախկին կառավարության օրոք ինչպե՞ս է հնարավոր եղել աշխատել խախտումներով, եթե եղել են սանիտարական թողքերի խնդիր, նա պնդեց, որ դա խախտում չէ, քանի որ սակավաջրություն է եղել. «Բոլոր տնտեսվարողներն էլ ունեն ոլորտային խախտումներ, դա նորմալ է, որովհետեւ մենք վերջին 3 տարիներին ունեցել ենք սակավաջրություն, մենք ունեցել ենք պրոբլեմներ, ՀԷԿ–երը աշխատում են մեր տեղական ռեսուրսի վրա, բայց տեխնիկական պայմանները պահպանվում են»։
Նա հավաստիացնում է, որ ոլորտը ստրատեգիական է, իսկ իր կուսակցական պատկանելիությունը ոչ մի կերպ չի խանգարում ոլորտային իր աշխատանքային, ավելին՝ համագործակցությունը գործող կառավարության հետ համագործակցությունը ստացվում է։
Դիտարկմանը, որ ՀԷԿ–երը էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացնում, քանի որ կան գետեր, որոնց հոսքի 70-80 տոկոսը մտնում է խողովակների մեջ, ինչին ի պատասխան նա նշեց. «Այո՛, դա շատ կարեւոր հարց է, Եղեգիս գետի վրա ունենք անբարեխիղճ տնտեսվարող, որը պետք է կարգավորվի»,–եզրափակեց Նաիրա Նահապետյանը։











