Առավոտյան ժամը 10-ից Նոր Նորքից մեկնարկած քայլերթը, որը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այս պահին հասել է Երեւանի կենտրոն եւ մոտենում է Հանրապետության հրապարակին:

Նշենք, որ երթը անցել է Երեւանի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Դավիթաշեն, Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններով: Փաշինյանը ներողություն է խնդրել բոլոր այն թաղամասերի բնակիչներից, որտեղ չեն հասցրել անցնել:

Նշենք, որ երթին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող բոլոր նախարարները, նաեւ քաղաքապետները, պատգամավորները: Երթի ընթացքում մասնակիցները ֆայերներ էին միացնում, թմբուկներ խփում:

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում երթի մասնակիցներին համար մրգերով ու խմիչքով սեղան էին գցել. Փաշինյանը խմեց ժողովրդի կենացն ու շարունակեց երթը:

«Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Նշենք, որ քայլերթը Նիկոլ Փաշինյանը կամփոփի Հանրապետության հրապարակում կարճ ուղերձով, հանրահավաք որպես այդպիսին նախատեսված չէ:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը կհրապարակվի կիրակի, իսկ արդեն նոյեմբերի 26-ին կկազմակերպվի ՔՊ-ի ավանդական դրամահավաքը: