Նախկին ՔՊ-ական Գեւորգ Աճեմյանը կարծում է, որ ապագա խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքին իրական հակակշիռ կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակցությունը եւ կոչ է անում ընտրել «Սասնա ծռեր»-ին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Գեւորգ Աճեմյանը։
«Հեղափոխությունը Հայաստանում ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրն» է արել, այլ 3 ուժեր՝ թիմը, Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ քաղաքացին։ Եթե չլինեին այս երեք կոմպոնենտներից մեկը ոչ մի դեպքում չէր լինի հեղափոխություն։ Սակայն ես նախորդ անգամ էլ ասել եմ, որ ՔՊ-ում կա տոտալ դիկտատուրա, եւ սա միանշանակ է։ Որպես խորհրդարանում հակակշիռ մենք 3 տարբերակ էինք դիտարկում՝ «Քաղաքացու որոշում»-ը, «Մենք» դաշինքը եւ «Սասնա ծռերը»։ Ես ի վերջո եկա այն եզրահանգման, որ պետք է ընտրել «Սասնա ծռեր» կուսակցությանը, որովհետեւ այս կուսակցությունը միանշանակ լինելու է հակակշիռ «Իմ քայլը» դաշինքին, ավելին, շատ հզոր հակակշիռ»,-ասել է նա։
Գեւորգ Աճեմյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն էլ հիմնականում «բուֆերային» քաղաքական ուժ է եղել, այսինքն եթե անհրաժեշտ է եղել, եղել է ընդդիմադիր եւ ձայներ է փախցրել, եթե պետք է եղել, եղել է իշխանական։
«ԲՀԿ-ն չի կարող հակակշիռ լինել, քանի որ ԲՀԿ-ն հիմնաակնում որտեղ քաղաքական ծանրության բեւեռն է, ինքն այնտեղ է։ Կարծում եմ՝ պետք է գնալ եւ ձայն տալ «Սասնա ծռերին», որ նրանց ներկայացվածության մակարդակը բարձր լինի ԱԺ-ում։ Իմ կարծիքով՝ «Սասնա ծռերը» հիմա 7-8 տոկոս ունեն՝ կախված նրանից, թե ինչ քարոզարշավ կանեն»,-ասել է Գեւորգ Աճեմյանը։
Նշենք, որ Գեւորգ Աճեմյանը վերջերս է դուրս եկել ՔՊ-ից՝ հայտատարելով որ կուսակցությունում «տոտալ դիկտատուրա է, բոլորը ենթարկվում են մեկ անձի որոշումներին»։











