Ռուսաստանում դատապարտված եւ պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը չի ցանկանում վերհիշել ՌԴ-ում անցկացրած տառապանքի 4 տարիները։ NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյան հիշեց, որ ռուսական կալանավայրում անցկացրած 4 տարիներին իր հետ ՌԴ իրավապահները շատ վատ են վարվել։
«Ռուսաստանի իրավապահները 4 տարիների ընթացքում շատ վատ էին ինձ վերաբերում, նացիոնալիստ ազգ են, դրա համար էին ինձ հետ այդ կերպ վարվում, ինձ շատ խիստ վատ պայմաններում էին պահում։ Հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ՝ ամեն երկիր կգնամ բացի Ռուսաստանից, որովհետեւ նրանք ինձ հետ շատ վատ վարվեցին»,-պատմում է Հրաչյան։
2013 թվականին տեղի ունեցած դժբախտ պատահարից, ըստ Հրաչյայի, հնարավոր չէր խուսափել։ Բեռնատարը, որի ղեկին նստած է եղել հայ վարորդը, սարքին չի եղել։
«Մոտ մեկ ամիս էլ չկար, որ ՌԴ արտագնա աշխատանքի էի գնացել, այդ օրն էլ կամազի տոռմուզների շլանգն էր տրաքել։ Ամեն մարդու ճակատագիրն իր հետ է, մեքենա եթե ջարդվում է դժվար է խուսափել, դա բոլորի հետ էլ կարող էր պատահել։ Ոչ մեկին չեմ ցանկանա, որ իմ տեղում հայտնվեր, նման դաժան կյանք տեսներ, նույնիսկ դուշմանիս չեմ ցանկանա»,- հիշում է նա։
Հրաչյան հիշում է, որ ծանր օրերին աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերից ինքն աջակցություն է ստացել ե´ւ բարոյապես, ե´ւ ֆիզիկապես։
ՌԴ-ում վթարի հետեւանքով մահացածների ընտանքիներին փոխհատուցման գործում օգնել են Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գործարար Սամվել Կարապետյանը, նաեւ դրամահավաք է կազմակերպվել։ Հայաստանում էլ որդու շիրմաքարի տեղադրման հարցում օգնել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Հրաչյան այժմ ապրում է հոր, կնոջ հետ, օրն էլ լցնում են թոռնիկները։ Հրաչյա Հարությունյանը դեռ չի աշխատում, սակայն աշխատանք է փնտրում, սակայն արդեն Հայաստանում։
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը 4 տարի 1 մ ամիս իր պատիժը կրել է ՌԴ-ում, այնուհետեւ տեղափոխվել է Հայաստան, որտեղ շարունակել է պատիժը կրել 11 ամիս, որից 9 ամիսը՝ կիսաբաց ռեժիմով։
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել նոյեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:











