Եթե ՀՀԿ-ում մտահոգված լինեին, կառավարությունն այսքան մտահոգություններ չէր ունենա․ «5-րդ ալիք»-ի եթերում «Դեմ առ դեմ» նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանը: Նա ներկայացրեց իրենց ծրագրային խոստումները՝ ըստ որոնց՝ աղքատությունը 5 տոկոսով կրճատելու են  5 տարում։

Սակայն Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, «Իմ քայլը»  թիրախավորել է մի նպատակ, որի հիմքում դրել է լրիվ այլ մեխանիզմ․

«80 000 թոշակառուի նվազագույն թոշակը բարձրացնում են 10 000 դրամով, դրանով  հայտարարում, որ ծայրահեղ աղքատ չի լինի, մինչդեռ այդ մարդիկ, որոնք մինչև 21 000 դրամ են թոշակ ստացել, ստացել են նաև անապահովության նպաստ՝ նվազագույն 17 000 դրամ: Հիմա փոխելով նպաստների համակարգը՝ 10 000 դրամով ավելացնում եք 18 000 դրամով կրճատելու հաշվին, այսինքն՝ այդ 80 000-ի եկամուտները պակասելու են»,- ասաց նա:

Այդպիսի կրճատում, Լենա Նազարյանը նշեց, որ իրենք չեն նախատեսել, այլ որոշակի խավեր պետք է ստանան սոցիալական աջակցություն: Ըստ նրա՝ որոշակի խմբի թոշակառուների թոշակները բարձրացրել են, ծննդյան նպաստները՝ ևս, բժիշկների աշխատավարձը բարձրացրել են։

Մինչդեռ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ աճի դինամիկան ըստ ԱՎԾ-ի ծայրահեղ ցուցանիշ է գրանցել և մեջբերելով նվազած թվեր տնտեսական վիճակագրությունից՝ հայտարարեց, որ իշխանությունը մսխում է տնտեսական աճի տեմպը։