Արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ կլինեն, եթե փող չբաժանվի, վարչական ռեսուրս չկիրառվի, եթե փող բաժանողներին բռնեն, իսկ վարչական ռեսուրս կիրառողներին հեռացնեն պաշտոնից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկած քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
«Հիմա փող բաժանողների մասին ինֆորմացիա չկա, ոչ ոք չի բռնվել: Վարչական ռեսուրսների օգտագործումն էլ խոսակցությունների մակարդակով է՝ էս մարզպետն էնտեղ խելոք չմնաց, էս մարզպետը՝ էնտեղ: Եթե լինեն կոնկրետ փաստեր, բնականաբար, կզբաղվենք դրանով»,-ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան»-ի նախագահը վստահեցրեց, որ քաղաքացիներն ուզում են իրենց տեսնել ԱԺ-ում, որովհետեւ հասկանում են, որ հենց իրենք կարող են լինել այն ընդդմադիր ուժը խորհրդարանում, որին ծաղրուծանակի չեն ենթարկի: «Մեզ չեն կարող ասել՝ բա ձեր ժամանակ ինչի՞ չէիք անում: Հենց «Լուսավոր Հայաստանն» է, որ կարող է լինել այդ ընդդիմությունը: Մեր ժողովուրդը քաղաքականացված է եւ ամեն ինչ հասկանում է»:
Մարուքյանին զարմացրել է, որ շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են. «Չենք կարողանում պարզել, թե ինչից են վախեցած: Կան իներցիայով վախեցած են, կամ իրենց վախեցնում են: Եսիմ ով է վախեցնում, որ իմանամ՝ կասեմ: Շատ համայնքներում կան ՀՀԿ-ական իշխանություններ, նաեւ մամուլում տեղեկություններ կան, որ որոշ մարզպետներ ժողովներ են անում, ասում են՝ էս պետք է անեք, էն պետք է անեք: Դեռ սրանք լուրեր են»,-ընդգծեց նա:











