Մրցակցվող ու բարդ այս տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդրի առկայության պայմաններում ՀՀ–ն պետք է լրջագույն ուշադրություն դարձնի 2 կարեւորագույն հիմնահարցերի: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, նախ մեր բանակին պետք է վերաբերվել աչքի լույսով. «Չափազանց կարեւոր է ՀՀ ԶՈՒ–ում արդեն իսկ ծառայություն անցած զինծառայողների սոցիալական եւ իրավական պաշտպանության խնդիրները։ Այսօր հազարավոր մարդիկ բնակհերթերում սպասում են իրենց բնակարաններին։
ՕԵԿ–ը վճռականորեն այո է ասում։ Պետության պարտք ու պարտականությունն է լուծել հայրենիքի առջեւ իրենց ծառայությունը մատուցած քաղաքացիների սոցիալական պաշտպանության բնակարանային ապահովության հիմնահարցերը։
Պետության կարեւորագույն առաքելությունն է այսօր մեր զինված ուժերում ծառայող սպաներին ու զինվորներին աչքի լույսի պես վերաբերվել։ Այսօր մեր սպաները չնչին աշխատավարձ են ստանում։ Պետք է վճռական քայլեր իրականացնել սպաների ու զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրները լուծելու եւ հատկապես այն սպաների, որոնք ծառայում են, նրանց բնակարանային ապահովության հիմնահարցերը լուծելու համար։
Պետությունը պետք է լինի երաշխավորը, որպեսզի զինծառայող ունենա բնակարան։ Պետությունը պետք է լինի երաշխավորը, որ Հայաստանում սպան ապրի արժանապատիվ կյանքով։ Սա պետության պարտքն ու պատասխանատվությունն է մեր զինվորների ու սպաների նկատմամբ։
Բազմաթիվ մարդիկ իրենց կյանքը զոհեցին Հայաստանի սահմանների պաշտպանության համար եւ նրանք այսօր նայում են պետության աչքերին։ Մենք, որպես պետություն, պետք է այս խավի նկատմամբ հատուկ պետական հոգածություն ցուցաբերենք,եւ ՕԵԿ քաղաքական նպատակներից մեկն է ձեռնարկել լրջագույն օրենսդրական փոփոխություններ, արդեն իսկ մեր արած քայլերին գումարել նոր ջանքեր, այս մարդկանց խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:
Նա ընդգծել է, որ երկրորդ կարեւորագույն խնդիրը բանակի ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելն է մեր ռազմական ենթակառուցվածքների հզորացման միջոցով. «Այո, մենք ասում ենք, Հայաստանում պետք է անցում կատարվի պրոֆեսիոնալ բանակի։ Այո, մենք ոչ ենք ասում, որ այսօր ՀՀ–ի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ՌԴ–ում այլ բնակավայրերում մեկնում են արտագնա աշխատանքների, կտրվում են իրենց տներից մի քանի հարյուր դոլար աշխատելու համար, դեռ այսօր էլ խոսվում է այսպես կոչված համատարած հայտարարգման մասին, որը վերաբերվում է նաեւ արտագնա աշխատանքի մեկնածներին, որը ՕԵԿ–ի կարծիքով միարժեք մերժելի է»:
ՕԵԿ նախագահը կոչ է անում օժանդակել, որ ՀՀ–ում մարդիկ ունենան աշխատանք, իրենց աշխատանքով իրենց տունը պահելու հնարավորություն. «Դրա համար մենք ասում ենք՝ վարձատրվող պրոֆեսիոնալ բանակ, դրա համար մենք ասում ենք ոչ թե 2 տարի, այլ 1 տարվա զինծառայություն, այնպես ինչպես անում է 1 մլն–ից ավել բանակ ունեցող Ռուսաստանը եւ աշխարհի այլ երկրներ։ Մենք ասում ենք ՝ այո, սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները եւ դրանք շատ թանկ չեն։ Պետական բյուջեի միջոցները լրիվ բավարար են»:











