Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նախընտրական շրջանում կատարեց վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։ Ոստիկանության պետը նախ հանդիպում ունեցավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։

Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝ հավաստիացնելով, որ համակարգն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը, ինչպես եւ ուշադրության կենտրոնում է պահում քրեական տարրերին։ Ոստիկանության պետը թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց ակտիվ աջակցել ոստիկանությանը՝ հավաստիացնելով, որ նրանց ցանկացած ահազանգը կարժանանա արագ արձագանքի ու համապատասխան ընթացք կստանա։ Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ընտրությունների օրը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Վալերի Օսիպյանը վերոնշյալ հարցերը քննարկեց նաեւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության անձնակազմի հետ նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

Ոստիկանության պետը նշեց, որ ուշադրության կենտրոնում է պահելու մարզի ոստիկանների աշխատանքը՝ հույս հայտնելով, որ թերացումները կբացառվեն։ Վալերի Օսիպյանը ներկայացրեց իր պահանջները՝ կոնկրետ հրահանգներ տալով դրանց արդյունավետ կատարման համար։ Առանձնահատուկ քննարկվեցին ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված իրավունքներն ու լիազորությունները։

«Մենք անթերի ծառայությամբ պետք է ապահովենք քաղաքացու ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ ավելի ամրապնդելով մեր նկատմամբ հասարակության հարգանքն ու վստահություն»,- ամփոփեց Վալերի Օսիպյանը: