Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երեւանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին:

Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն եւ ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ ավելի հեշտ կհասնենք ցանկալի արդյունքի, եւ կոչ արեց ներկաներին համագործակցել ոստիկանության հետ, ցանկացած իրավախախտման ականատես լինելիս՝ դիմել ոստիկանություն:

Խոսվեց ոստիկանության պատրաստած թռուցիկների մասին, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն՝ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունները։

Թեկնածուներն ու շտաբների ղեկավարները հարցեր ուղղեցին Վալերի Օսիպյանին, որոնք հիմնականում վերաբերում էին նախընտրական շրջանի գործընթացներին ու նաեւ բուն ընտրության օրը ոստիկանության ծառայությանը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների անձնակազմի հետ:

Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ոստիկանության առջեւ դրված պահանջները. կանխել ու բացահայտել ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու եւ վերցնելու դեպքերը, բացառել ընտրատեղամասերին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը եւ այլն։

Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում կպատժվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլեւ նրանց անմիջական ղեկավարները։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայության ու մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի հետ կապված հարցեր: