«Իշխանափոխությունից երկու օր առաջ դուք երրորդ ճանապարհն էիք մատնանշում, լա՞վն այդ ճանապարհը, և ինչպե՞ս եք գնահատում, որ քաղաքական ուժի առաջնորդը հեղափոխությունից երկու օր առաջ չէր կանխատեսել հեղափոխությունը»․- դեկտեմբերի 5-ին կայացած Նախընտրական մեծ բանավեճի մի դրվագում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը հարց ուղղեց «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանին։ Այս հարցը այլ թեմաների հանգեցրեց՝ կրկին վեճ հարուցելով Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի միջև։

Մարուքյանը պարզաբանեց՝ երրորդը  առանց արհյունահեղության, խնդիրն առանց մարտի 1-ի լուծելու ճանապարհն էր, և ինքը զգացողություն ուներ, որ տանկեր են դուրս բերվելու փողոց։

Վիգեն Սարգսյանը արձագանքեց՝ «Շատ լավ գիտեք, որ տանկերը դուրս չեկան, որովհետև ՀՀԿ-ն շատ հետևողական է եղել ուժի չկիրառման հարցում»։ Այնուհետև թեման ընդհանրացնելով՝ խոսեց սև-սպիտակ բաժանման մասին, որը, ասաց, իրենց ընտրությունը չի եղել․ «Մենք մերժում ենք սև-սպիտակ բաժանման գաղափարը և կարծում ենք, որ հասրակությանը սև-սպիտակի կարող են բաժանել միայն ֆաշիստները, որովհետև դա հանգեցնում է բախման»։ Նա, դիմելով Փաշինյանին, հիշեց նաև, թե երբ սկսվեց շրջանառվել «սև-սպիտակը» և ում էր այն ձեռնտու․ «Մենք չկայինք քաղաքապետի ընտրություններում, որպեսզի դուք այդ ընտրություններում քանդեիք բարիկադներ, բայց դուք որոշեցիք, որ բարիկադները ձեզ կոմֆորտ են։ Բարիկադը խոսքով չեն քանդում, բարիկադը քանդելու համար պետք է սովորել կամուրջ կառուցել»։ Վիգեն Սարգսյանը նաև անարադար համարեց, որ Փաշինյանը մերժել է իր հետ առանձին բանավիճելու առաջարկը, որովհետև իր քարոզչությունը կառուցել է ՀՀԿ-ին փնովելու վրա, հիմնական բանավեճը իրենց մեջ է, և հիմա զբաղեցնում են մյուսների ժամանակը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ինքն այստեղ է՝ արտահայտեկով հարգանք մրցակից բոլոր ուժերի հանդեպ․ մեկի հետ բանավեճը անհարագալից կլիներ մյուսների հանդեպ։ Այնուհետև անդրադարձավ այս դրվագի գլխավոր հարցին․

«Տանկերը դուրս չեկան փողոց, որովհետև այդ տանկերի միջի մարդիկ 100 տոկոսով միանալու էին ցուցարարներին, և դա էր իրական պատճառը, որ այդպիսի հրաման չեղավ»։

Սրան հաջորդեցին կարճ ռեպլիկներ, Վիգեն Սարգսյանն ասաց՝ «Մեր փոխած օրենքով տանկերը չէին կարող փողոց դուրս գալ ի սկզբանե», «Տեսել ենք՝ ինչքանով եք օրենքները պաշտպանում»՝ արձագանքեց Փաշինյանը, նույնը տեսել էր նաև նրա ընդդիմախոսը՝ հիշեցնելով, թե ինչպես էր նա գաղտնալսման երկրորդ սերիայում ուղիղ ցուցումներ տալիս։

 «Իմ արտահայտած բոլոր մտքերը 100 տոկոսով համապատասխանում են օրենքին, և մյուս երկու պաշտոնյաների խոսակցությունը՝ ևս»,- հայտարարեց Փաշինյանը։

Սուր բանավեճ ծավալվեց նաեւ ԼԳԲՏ թեմայով. Վիգեն Սարգսյանը դիմելով Նիոկլ Փաշինյանին՝ հարցրեց. «Դուք պարտավորություն ունե՞ք ԼԳԲՏ համայնքի հանդեպ, որի 2 կարկառուն ներկայացուցիչները փող են հավաքում ձեր կուսակցության համար»:

Ն, մասնավորապես նշեց. «Ձեր իշխանության օրոք Վեհարանի աշխատանքը շաբաթներ շարունակ ինչ–որ խուլիգաններ ընդհատում էին, Վեհափառի կորտեժը կանգնեցրել, քաշքշում էին, իսկ ոստիկանը կողքին կանգնած ոչինչ չէր անում։ Ձեր իշխանության օրոք Հայ եկեղեցու պատմության առարկան ամենախանգարողը դարձավ դպրոցում։ Ունենք իրավիճակ, երբ ԼԳԲՏ համայնքի երկու կարկառուն ներկայացուցիչ ընդգրկված են հիմնադրամում, որը զբաղվում է ձեր կուսակցության համար գումար հավաքելով։ Պարտավորություն ունե՞ք նրանց նկատմամբ»,– ասաց Վիգեն Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են. «Ում մասին որ տարածում են ձերոնք որպես ակտիվիստ, 4 երեխաների մայր է, հայկական ավանդական ընտանիքից։ Ձեր իշխանության տարիներին առաջին անգամ եղել է ցուցակ սեռական այլ կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների։ Ձեր կառավարության մի շարք հայտնի անդամներ հայտնի են որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ»։

Այս խոսքերը հունից հանեցին Վիգեն Սարգսյանին. «Դուք հենց նոր սեքսիստ հայտարարություն արեցիք, մարդուն չի կարելի դիտել իր կողմնորոշմամբ, նրանք ունեն նույն իրավունքները, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիները։ Դուք քաղաքացիներին բաժանեցիք կատեգորիաների։ Այդ կանայք այդ պայքարի դրոշակակիրն են, ես ուրիշ հարց եմ տվել՝ պարտավորություն ունե՞ք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ։ Մարդ իրավունք ունի անելու այն, ինչ ուզում է՝ դռնից այն կողմ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ մարդիկ նույնպես նույն բանն են ասում. «Վիգեն Սարգսյանն այդ կանանց անվանում է ԼԳԲՏ ակտիվիստ, հետեւաբար Վիգեն Սարգսյանը ԼԳԲՏ ակտիվիստ է։ Ես ունեմ պարտավորություն ունեմ ՀՀ քաղաքացիների առջեւ»։