«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, դեռեւս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց կա 2 խնդիր՝ եւ եղանակային պայմանները, եւ՛ մարդկային գործոն»․ այս մասին այսօր «ՍՈՒ 25» մարտական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Անդրադառնալով այն տարբերակին, թե մառախուղն է եղել կործանման պատճառը, Տոնոյանը նշեց, որ այդ ինքնաթիռները ռազմական նշանակության են եւ դրանք կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում։
NEWS.am-ի հարցին՝ որո՞նք են վարկածները, Տոնոյանը պատասխանեց. «Հիմա բացառել չեմ կարող ոչ մի բան։ Նախաքննությունն իրականացվում է, մենք կորցրել ենք մեր ընկերներին, բոլորիս եւ հետագայի համար ճիշտը պետք է պարզվի։ Եկեք, ես ոչ մի բան չմեկնաբանեմ, վարկածները բազմաթիվ են։ Սա նեղ մասնագիտական խնդիր է, նաեւ աշխատելու են փորձագետները, որպեսզի հետագայում այսպիսի բաներից խուսափենք»։
Խոսելով իր հայտարարության մասին, թե Հայաստանին ռուսական «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, Տոնոյանն ասաց, որ ավել ոչինչ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել էր մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Ավիապատահարի հետևանքով զոհվել էին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:











