Տարիներ շարունակ հստակ գիտակցել եմ, թե որքան կարեւոր է ընդդիմության դերը խորհրդարանում եւ տարիներ շարունակ հետեւողականորեն քայլեր եմ ձեռնարկել, որպեսզի ընդդիմության դերակատարումն ընդլայնվի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններում իր քվեարկությունից հետո ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանը։
«Եթե համեմատենք 2008 եւ 2018 թվականի ընտրությունները, դուք կտեսնեք վիթխարի տարբերություն։ 2008 թվականին այս ընտրական տեղամասի անդամների 98 տոկոսը ներկայացնում էր գործող իշխանությունը, այսօր գործող իշխանությունը ներկայացնում է կեսից պակաս։ Ընդդիմության ձայնը պետք է շարունակի լսելի լինել խորհրդարանում, որովհետեւ ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես շնչում է իշխանության թիկունքում եւ թույլ չի տալիս, որ իշխանությունը կատարի սխալ քայլեր»,-ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով է հենց 2008-ից ընդլայնվել ընդդիմության իրավունքները։
Հարությունյանի խոսքով՝ այդ իրավունքների ընդլայնման շնորհիվ էր, որ գարնանը տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Նա նշեց, որ այս ընտրությունները չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից. «Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձեւավորվեց Հայաստանում՝ այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սեւերի եւ սպիտակների, ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ այս ընտրություններին ավելի ակտիվ է ՀՀԿ-ի երտասարդական թեւը, սակայն խորհրդակցում են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը:











