Երկու տարբերակն էլ շատ հանգամանալից կերպով քննարկվում է թիմի ներսում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Իմ քայլը» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում նշեց Առաջին փոխվարչապետ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրեն տեսնում է գործադի՞ր իշխանությունում, թե՞ օրենսդիրում:
Անդրադառնալով այս ընտրություններում իրենց ստացած քվեներին, նա ասաց. «Ես ուզում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքի հնարավորինս շատ քվե, արժանանա հնարավորինս շատ մարդկանց վստահությանը: Դե մի քանի ժամից պարզ կլինի»:
Արարատ Միրզոյանը նշեց, որ շուտով Նիկոլ Փաշինյանը գալու է շտաբ:
Դիտարկմանը, որ ԿԸՀ կազմը նախկին իշխանությունների ժամանակներից չի փոխվել, ինչ ակնկալիք ունեն ընտրական հանձնաժողովների եւ ԿԸՀ-ի աշխատանքից, Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ եւ նրանք զարմացած արձանագրում էին, որ նույն ընտրական օրենսդրությամբ, նույն ընտրական ինստիտուտներով, նույն ԿԸՀ կազմով միանգամայն այն ընտրական գործընթացներ են կազմակերպվում. «Այս առումով, իհարկե, թվերը վստահելի են: Բացի այդ, բոլոր տեղամասերում կան տեսախցիկներ, կան դիտորդներ, հանձնաժողովականներ, լրագրողներ եւ այլն»:
Արարատ Միրզոյանը ցավո նկատեց, որ չի կարողացել զբաղվել իր քարոզարշավով. «Բայց ես հիանալի թիմ ունեի, որոնք այդ ընտրական տարածքում իմ նամակ-բուկլետն էին հասցնում ընտրողներին: Հուսամ դա լուրջ ազդեցություն է գործել: Իհարկե, որեւէ մեկը, որ մասնակցում է ընտրական մրցարշավին, նաեւ ունի հաղթելու ակնկալիք եւ ես բացառություն չեմ»,-ասաց նա:











