Տեղեկատվական դաշտը դիտարկելիս պետք է հիշել, որ քաղաքական ուժերը շատ քիչ ժամանակ ունեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, քարոզարշավը, ըստ էության, սկսվել էր դեռ ապրիլին, եւ այս առումով կարելի էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
«Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի կարճատեւ լինելու փուլում նորաստեղծ ուժերն ավելի ծանր պայմաններում էին, քան՝ արդեն հայտնիները: Քանի որ հանրության շրջանում ճանաչելի դառնալու խնդիր ունեին, մասնակից ուժերը հիմնական շեշտը դրեցին համացանցային գովազդի վրա։ Այս նպատակով աննախադեպ ռեսուրսներ ծախսվեցին»,–նշեց փորձագետը։
Մարտիրոսյանը հայտնեց, որ Facebook սոցիալական ցանցում գովազդից բացի Google համակարգում եւս գովազդ էին տեղադրում, որի արդյունքում հեռախոսով խաղ խաղացողները քաղաքական գովազդի էին հանդիպում։
Մեդիա փորձագետը նկատում է՝ ամենամեծ գումարները ծախսվեցին ֆեյսբուքյան գովազդի վրա, որովհետեւ Facebook–ը շարունակում է մնալ քաղաքական գործիք. «Հարյուրավոր վարկանիշային թեկնածուների գովազդների հետեւանքով մի քանի օրվա ընթացքում գովազդի գինը ֆեյսբուքում ավելացավ մոտ 50 տոկոսով»:
Միաժամանկ նա շեշտեց, որ շատերը, որոնք այս օրերին հոգնել էին քաղաքական թեմաներից, Facebook–ից Instagram են «փախել», որի օգտատերերը շարունակում են արագորեն աճել։
Անդրադառնալով կեղծ էջերին, նա նկատեց, որ ընտրություններին պասիվ էին ադրբեջանական եւ ռուսական ֆեյքերը։ Նա ադրբեջանական ֆեյքերի պասիվությունը բացատրում է այն հանգամանքով, որ վերեւից համապատասխան հրահանգ չի տրվել։ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Բաքվում դեռ չեն պատկերացնում՝ ինչ է Հայաստանում կատարվում եւ չգիտեն՝ ինչ քայլերի դիմեն:
Փորձագետի գնահատմամբ՝ ամենահիշվող համացանցային գովազդը ՀՀԿ–ինն էր՝ սկսած սեւ ու սպիտակ ցուցանակներից մինչեւ սպիտակ ձի։











