Սանկտ Պետերբուրգի բնակչուհին ձերբակալվել է Մոսկվայում՝ 15–ամյա աղջնակի կուսությունը 650 հազար ռուբլով վաճառելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին (ՔԿ)։
Քննության տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի 22–ամյա բնակչուհին սոցիալական ցանցերում ծանոթացել էր 15–ամյա աղջկա հետ և առաջարկել փող վաստակել մարմնավաճառությամբ։ Հաճախորդին նույնպես ինքն էր գտել հանրահայտ սոցցանցի փակ խմբում, իսկ գործարքի մանրամասները քննարկել էր վերջինի հետ WhatsApp–ով։ «Մոսկվայի արևելքում գտնվող հյուրանոցում, որտեղ կասկածյալը բերել էր անչափահաս աղջկան, նա պատվիրատուից, որը մասնակցում էր օպերատիվ փորձարկմանը, ստացել էր 650 հազար ռուբլի, ինչից հետո կալանվել էր դեպքի վայրում»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի՝ Մոսկվայի գծով ԳՔՎ ՔԿ ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան ասել է, որ կալանված կնոջն արդեն մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քր.Օ 3–րդ մասի 240 հոդվածով (անչափահասին մարմնավաճառության մեջ ներքաշելու համար), նա ընդունել է մեղքը և ձերբակալվել դատարանի կողմից։ Այժմ հետաքննությունը որոնում է նրա հանցակիցներին, պարզում անչափահասներին մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ ներգրավելու լրացուցիչ դրվագները։











