Տեխնիկայի այն քանակը, որն անհրաժեշտ է Երեւանում ձնմաքրման աշխատանքները լիարժեք կատարելու համար, «Սանիթեք» ընկերությունը չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե եթե ձյուն գա, էլի ունենալո՞ւ ենք սառած մայթեր ու փողոցներ։
«Մենք բանակցել ենք «Սանիթեք» ընկերության հետ, որ ունենա ենթաջոկատներ, որոնք կվերցնեն այս կամ այն վարչական շրջանը։ Բանակցել ենք տարբեր ճանշինների հետ եւ հորդորել ենք «Սանիթեքին» վերցնել այդ տեխնիկան վարձակալությամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունը։ Մենք մեր միջոցները նույնպես կներդնենք, սակայն, պետք է ասել, որ դրանք սահմանափակ են։ Ամեն դեպքում մենք իմն ու քոնը չենք դնելու»,– ասաց Հայկ Մարությանը։
Քաղաքապետը հիշեցրեց, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են իրենց օբյեկտների տարածքը մաքրել, ապա դիմեց բնակիչներին. «Մենք դրել ենք կարգուկանոն ձնմաքրման աշխատանքներում, ընտրովի չի լինելու։ Նախկինում պաշտոնյաների հարազատների, երեխաների համար ուր գնալու են, այնտեղ էին մաքրում, դրանք բացառված են։ Մենք կարգ ենք սահմանել՝ առաջին հերթին գլխավոր փողոցները, հետո հիվանդանոց, դպրոց տանող ճանապարհները եւ այսպես շարունակ»։











