Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը  նախագահող դատավորը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին լրագրողներին ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբանները դատավորի գործողությունները գնահատում են որպես արդարադատությունից խուսափելու ձգտում: Փաստաբանը հիշեցրեց, որ բոլոր փաստերը եւ հիմնավորումները ավելի վաղ հայտնի էին եւ եթե դատավորը մտադիր էր ինքնաբացարկ հայտներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին կամ 28-ին այդ անել, այլ ոչ թե հետաձգեր այսօր:

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ այժմ գործը փոխանցվելու  է այլ դատավորի, իսկ թե կոնկրետ ում՝ հայտնի կլինի առաջիկա օրերին: Նախկին նախագահը նիստին ներկա չէր:

Արամ Օրբելյանը նաեւ տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարան դիմելու նոր դիմումներ են պատրաստվում, դրանք վերաբերում են կալանքի կիրառման պայմանների օրենսդրական կարգավորումներին եւ անձեռնմխելիության ինստիտուտին: Ընդ որում երկրորդը կախված կլինի Վճռաբեկ դատարանի որոշումից, որը դեռ չկա:

Փաստաբանն ընդգծեց, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքն անհասկանալի է նաեւ փաստաբանական խմբի համար:

«Մենք նկատի ունենք, որ անհասկանալի է, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվում Քոչարյանին: Տեքստում ամեն ինչ կամ կրավորական սեռով է կամ անհասկանալի է թե ում ուղղված հղում կա: Մենք խնդրում ենք քննչական մարմնին պարզաբանել, որտեղ են նկարագրված ֆոնային իրադարձությունները եւ որտեղ են նշված Քոչարյանի կոնկրետ գործողությունները», - ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ միայն պարազբանումները ստանալուց հետո կտրվի այն հարցի գնահատականը՝ ցուցմունք տալ, թե ոչ:

Հիշեցնենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի մասին որոշումը ներկայացվել է դատախազի կողմից:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Քոչարյանի նկատմամբ խափանման այլընտրանքային միջոցի կիրառման մասին միջնորդության հիմքում ընկած է այն փաստը, որ խափանման միջոցի ընտրության մասին դատարանի 2018 թվականի հուլիսի 27-ին որոշումից անցել է ավելի քան 4 ամիս, եւ այդ ընթացքում Քոչարյանը որեւէ գործողություն չի ձեռնարկել գործին խոչընդոտելու համար, ինչը չեն հերքում ո՛չ վարույթ իրականացնող մարմինը, ո՛չ Գլխավոր դատախազությունը: Դրա հետ կապված, պաշտպանական կողմը գտնում է, որ տվյալ պահի դրությամբ ոչ մի հիմք չկա վերջինիս կալանքի տակ թողնելու:

Ի դեպ, միջնորդության մեջ եւս մեկ հիմնավորում է ներկայացվել. ի սկզբանե Քոչարյանի ազատությունը սահմանափակվել էր անօրինական կերպով: Ուստի, տվյալ պահին գրավի կիրառումը միակ միջոցն է, որով դատարանը կկարողանա նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների ոտնահարումը: Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: