Միհրան Պողոսյանի օֆշորային գործի վարույթը վերսկսվել է․ հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Նա դեռ որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Այս գործը հարուցվել էր դեռ 2016-ին, սակայն 8 ամիս անց կարճվել էր ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նախկին գլխավոր հարկադիր կատարողը մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես անելու, պաշտոնը բիզնեսի զարգացմանը ծառայեցնելու եւ եկամուտները թաքցնելու համար։

50 հեկտար անտառ սեփականաշնորհվելու գործով քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Այս գործով արդեն իսկ բացատրություն են տվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անշարժ գույքի կադաստրի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։ Ըստ գործի նյութերի՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերվել են կոռուպցիայի ենթադրյալ դեպքեր։

Շռայլ պարգեւատրումների մեջ ՊԵԿ-ը գերազանցեց բոլորին՝ իր 6 զրոյանոց դրամային նվերներով։ Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հրաժարվեց ասել, թե որքան պարգեւավճար է տրվել իր ղեկավարած կառույցում՝ նշելով, որ օրենքը թույլ չի տալիս անձնավորված տվյալներ հրապարակել։ Իսկ 9 միլիոնանոց պարգեւատումների մասին տեղեկությունը հերքեց։

Բացօթյա առեւտրականները ի նշան բողոքի կառավարության շենքի մոտ էին բերել արկղերով խնձոր՝ այն ապրանքը, որի վաճառքը արգելվել է։ Նրանք պահանջում էին թույլատրել փողոցային առեւտուրը։

«Ճաշակեցի ե՛ւ քեն, ե՛ւ ոխ». Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը իր երգի բառերով ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։ Ծրագրերի մասին ասաց՝ շատ շուտով ակտիվ շինարարություն կսկսվի, հատկապես բնակելի ոլորտում, կկառուցվի Աջափնյակի մետրոյի 2 կայարան եւ Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ կապող ճոպանուղի․ այս մեկը ավելի արագ, քան կայարանները։

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը պսիխոպատ է, որի զոհն է նաեւ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը, այսօր ասուլիսին՝ ասաց սպանվածի քույրը Ելենա Աղաջանովան․ նա պահանջեց դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել Ենոքյանին։ Հայրը՝ Միխայիլ Աղաջանովն էլ ընդգծեց՝ իրենք ոչ մի վայրկյան չեն կասկածում, թե ով է եղել սպանության կազմակերպիչը, եւ եթե Ենոքյանը ներվի, հասարակության առողջ հատվածը մեծ հիասթափություն կապրի։

Ժպիտներ Կանդելակիից Փաշինյանին եւ հակառակը։ Դավոսում ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհին ծանոթացել է Փաշինյանի հետ եւ հիշեցրել, որ ծագումով հայ է։

21-ամյա աղջիկը դանակահարել է տարեկից աղջկա․ տուժածը հոսպիտալացվել է աճուկի վերքով՝ ներքին արյունահոսությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքում, հունվարի 21-ին։ Դանակահարողը Լիանա Հարությանյանն է՝ Երևանից։ Հարուցվել է քրեական գործ։

«Կալաշնիկով» ընկերությունը Հայաստանին 50 նոր ԱԿ-12 ավտոմատներ կմատակարարի: Փորձարկելուց հեո հնարավոր է պատվերը մեծանա։ Գործարանից պարզաբանել են, որ այս գործարքով Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը ԱԿ-12 ավտոմատներ կգնի:

Դոլարն ու եվրոն փոքր-ինչ թանկացել են, դոլարը 485 դրամ է, եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 633, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 36 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հունվարի 25-ին տեղումներ են սպասվում, լեռներում՝ ձյուն, նախալեռներում ու հովիտներում՝ անձրեւ: Երեւանում սպասվում են թույլ տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7։