Խորհրդարանում այսօր նորից դեբատներ էին կառավարության ծրագրի շուրջ։ Հիմնական ընդդիմախոսը «Լուսավոր Հայաստանն» էր, որ հիշեց Փաշինյանի երեկվա մուննաթը ու որոշ վիճելի թեզեր, օրինակ, որ աղքատությունը մարդկանց գլխի մեջ է։
Փաշինյանը իր եզրափակիչ ելույթը նվիրեց «Լուսավոր Հայաստանի» քննադատությանը, որի պատգամավորները կամ քիչ թվեր էին տեսել, կամ տեսածին չէին հավատացել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դարձյալ սկսում է քայլարշավ այս անգամ դեպի տնտեսական հաղթանական եւ տնտեսական հեղափոխություն։
Խորհրդարանը հաստատեց Կառավարության ծրագիրը՝ 82 կողմ, 37 դեմ, հակառակ թեւոմ «Լուսավոր Հայաստանն» էր եւ «Բարգավաճ Հայաստանից» որոշ պատգամավորներ։
Մարուքյանը Փաշինյանին պատասխանեց խորհրդարանի միջանցքում։ Սա ցույց չէ, ասաց նա, Փաշինյանն այլեւս հեղափոխական չէ, այլ կառավարիչ, եւ ըստ նրա, այսօր իրեն շատ վատ պահեց։
Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն եւ հեռացնեն Մարությանի բերած նոր թեկնածուին։ Նրանց հետ բանակցելու եկան քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Տնօրեն Թարփոշյանը դեռ անցած տարվա դեկտեմբերին աշխատանքից դուրս գալու դիմում է գրել, որը դեռևս չի հաստատվել։ Նա եւս բանակցողների մեջ էր, եւ ի վերջո կարողացավ վարորդներին համոզել թողնել գործադուլը՝ պայմանով, որ ինքը դիմումը հետ կվերցնի։
Այսօր դատարանը սկսեց քննել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցը՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Թամոյանի։ Դեռ հոկտեմբերին այս կայքը լուր էր հրապարակել, որ փոխվարչապետ Ավինյանը կառավարությունում ընկերների հետ մարիխուանա է ծխել։ Ավինյանը սա համարեց զրպարտություն եւ հիմա դատարանով պահանջում է հերքում եւ 2 միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Կայքի խմբագիրը, սակայն, իրեն զրպարտիչ չի համարում՝ լսած լուրն է հրապարակել, ընդ որում, ասաց, իշխող թիմից մի քանիսը մարիխուանայի օրինականացման օգտին են խոսել, ուրեմն նրանց համար այդ թմրամիջոցը սովորական բան է։ Ըստ Թամոյանի, պետք է Ավինյանը ապացուցի մարիխուանա ծխել է, թե ոչ։ Ավինյանի փաստաբանը սակայն այդ ապացույցը սպասում է կայքի խմբագրից։
Դոլարն էժանացել է, փոխարժեքն այսօր կազմել է 487 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 626 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 31 դրամ:
Փետրվարի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյուն, նախալեռներում՝ թաց ձյուն, հովիտներում՝ անձրեւ: Երեւանում սպասվում են տեղումներ, գիշերը՝ ժամանակ առ ժամանակ ձյուն կտեղա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +6+8։











