Հարկային օրենսգրքում լրացումների կապակցությամբ 100 տնտեսագետներ իրենց կարծիքն արդեն հայտնել են, կառաջարկվի 150 տարբերակ, բայց մեզ այդպես էլ չի հաջողվի հասնել ընդհանուր հայտարարի եւ համաձայնության: Սա հենց այն դեպքն է, երբ քաղաքական որոշման անհրաժեշտություն կա: Այս մասին մարտի 28-ին ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատարյանի՝ Հարկային օրենսգրքում առաջիկա բարեփոխման վերաբերյալ հարցին:
Փաշինյանը դժգոհեց, որ հասարակության աչքում նոր թշնամի է հայտնվել՝ նրանք, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում: «Ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում: Ուզում ենք վերցնել դիպուկահա՞րը, նստել մի անկյունում եւ գնդակահարե՞լ բոլոր նրանց, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում: Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքական կուրսի տրամաբանությանը, քանի որ մարդիկ պետք է ստանան բարձր աշխատավարձեր»,- ասաց վարչապետը:
Ընդ որում՝ նա կարծիք հայտնեց, որ բարձր եւ ընդունելի աշխատավարձ կարող է համարվել միայն այն աշխատավարձը, որը ոչ թե 80 հազար դրամից է սկսվում, ինչպես կցանկանային, նրա համոզմամբ, շատ տնտեսագետներ, այլ 500 հազար դրամից եւ ավելի:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել, որ պատշաճ կերպով խրախուսենք բարձր աշխատավարձերը՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչ ճանապարհով է հնարավոր հասնել կես միլիոն դրամ աշխատավարձի, որը Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության համար աստղաբաշխական թիվ է:











