Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Դուբլինում բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ կքննարկի սոցցանցերի կարգավորման հարցերը: Սպասվում է, որ ապրիլի 2-ին նա կայցելի հանրապետությունում Facebook-ի գրասենյակները:

Facebook-ի եվրոպական գրասենյակը գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում:

Ցուկերբերգը կհանդիպի Ապատեղեկատվության եւ ֆեյք լուրերի մեծ միջազգային կոմիտեի երեք անդամների հետ՝ Հիլդեգարդ Նոթոնի, Ջեյմս Լոուլեսի եւ Էյմոն Ռայանի հետ, հաղորդում է AP-ն:

«Քննարկումների ժամանակ պատգամավորները կանդրադառնան մի շարք հարցերի, այդ թվում սոցցանցերի կարգավորմանը, քաղաքական գովազդի թափանցիկությանը եւ երիտասարդության անվտանգությանը», - ասել է կոմիտեի ներկայացուցիչը:

Հանձնաժողովը կազմված է միջազգային խորհրդարանականներից եւ զբաղվում է այնպիսի հարցերով, ինչպիսիք են գաղտնիությունը, անվտանգությունը եւ տվյալների փոխանակումը:

Վերջին տարիներին եռյակը բացահայտ հայտարարում էր սոցիալական ցանցերի կարգավորման անհրաժեշտության մասին:

Տվյալների պաշտպանության իռլանդացի հանձնակատար Հելեն Դիքսոնը մի շարք հացեր ունի Facebook-ին եւ նրա հետ կապված կազմակերպություններին:

Ավելի վաղ Ցուկերբերգը կոչ էր արել ուժեղացնել   պետական  վերահսկողությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վնասակար բովանդակությունը, ընտրությունները, գաղտնիությունը եւ տվյալների փոխանակումը: