«Առինջ մոլը» բոլոր գործարքները կատարել է օրենքի տառին համապատասխան, դա ապացուցող փաստաթղթերը ներկայացված են համապատասխան մարմիններին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողներին ասաց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ ՊԵԿ–ի հիմնավորումը, թե  վարձակալությամբ տրված տարածքների 1 քառակուսի մետր արժեքի դիմաց ավելի շատ գումար է գանձվում տնօրինության կողմից, քան պայմանագրով ֆիքսված է, չի համապատասխանում իրականությանը։

«Մոլի աշխատակիցները շատ ագրեսիվ եւ հուսահատ վիճակում ուզում էին հասկանալ, թե որն է այս ամենի նպատակը։ Իրենք հնարավորություն են ունեցել շուրջ 3 տարի անվճար աշխատելու եւ այսօր շատ սիմվոլիկ՝ խորհրդանշական գումարով՝ 1 քմ–ի համար վճարելով 800 դրամ, իրենք աշխատում են եւ շատ գոհ են»,–ասաց Տոնոյանը։

Պատգամավորի խոսքով օրեր՝ շարունակ ստուգվում են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները, եւ որ այս հարատեւ եւ շարունակական ստուգումներն իրենց համար սովորական է դարձել։

«Գազալցակայաններում եւս օրենքին տառին անհամապատասխանության, որեւէ դրվագ չկա, այնտեղ եւ գազի սակագինն է պահպանվել նույնը, եւ գործարքները կատարվում են նույն այն գնով, ինչ որ նախկինում են կատարվել, ինչպես նաեւ ՀԴՄ–ներն են խփվում»,–ասաց պատգամավորը։

Տոնոյանը հույս հայտնեց, որ ներկայիս իշխանությունները չեն կրկնի նախկին իշխանությունների գործելաոճը։

«Նախկինում Գագիկ Ծառուկյանի կամ «ԲՀԿ» խմբակցության կառուցողական քննադատությանը հաջորդում էր իշխանության ձեռքի տակ ունեցած լծակների այլ նպատակներով օգտագործում, հույս ունեմ, որ այս իշխանությունների, նոր Հայաստանի պարագայում այս գործելաոճը չի շարունակվի»,–ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով՝ իրենք դեմ չեն ստուգումներին, դեմ են ստուգումների անցկացման ձեւին։

«Խոսքը ստուգումներ անցկացնել–չանցկացնելու մասին չէ, այլ ստուգումներ անցկացնելու ձեւի մասին է։ Ես կրկնում եմ, որ «Առինջ մոլ»–ում շուրջ 50 հոգի բաճկոններով եւ զրահավորված հայտնվել էին եւ իրականում պարալիզացվել էր ամբողջ տոնավաճառի աշխատանքը... Ես կարծում եմ, որ մեր երկրում վստահաբար շատ այլ կառույցներ կան, որոնցում կարելի է այդպես սարսափազդու դեմքերով գործողություններ իրականացնել եւ միգուցե շատ ավելի լուրջ բացթողումներ արձանագրել եւ պարզել»,–ասաց պատգամավորը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, պատրաստվում են հարթել իրենց նախկին անհամաձայնությունները եւ միավորվել, ավելին՝ հույս ունեն նաև «Իմ քայլը» խմբակցությունից մարդիկ ներգրավել ու մեծամասնություն դառնալ, Իվետա Տոնոյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը,նման հարց իրենց օրակարգում չկա ու ոչ մի ստվերային պայմանավորվածություն չի եղել։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին, ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվել է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում: