Այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին նավթի գործարանի մոտակայքում գտնվող 7 հարկանի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի Գ.Պ.-ն (ծնված 1993 թ.) ոչ սթափ վիճակում (ըստ իր հայտարարության) բարձրացել է հեռախոսակապի աշտարակի վրա և չի իջնում:

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը կապ է հաստատաել քաղաքացու հետ, ցուցաբերել հեռախոսային հոգեբանական խորհրդատվություն, որը, սակայն, քաղաքացու կողմից ընդհատվել է:  

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Գ.Պ.-ն ինքնակամ իջել է աշտարակից: