Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից Անկարայում զինվորի հուղարկավորության ժամանակ, հաղորդում է Ahval-ը:

Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն ներկա էր 26-ամյա հետեւակային զինվորի՝ Եներ Քիրիքչիի հուղարկավորության արարողությանը Անկարայի նոր քաղաքապետ՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչ Մանսուր Յավաշի հետ միասին:

Քիրիքչի չորս թուրք զինվորներից մեկն էր, որը սպանվել էր ուրբաթ՝ Իրաքի հետ Թուրքիայի սահմանին քուրդ ապստամբների դեմ գործողության ժամանակ:

Քիլիչդարօղլուին շրջափակել էր ագրեսիվ տրամադրված մարդկանց ամբոխը, որն այնուհետեւ հարձակվել էր նրա վրա: Անվտանգության ծառայողները դժվարությամբ էին դուրս բերել նրան մարդկանց շարքերից:

Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի տվյալների՝ դեպքի վայրում ոստիկանության սպաներին օգնել են հատուկ նշանակության զորքերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է Քիլիչդարօղլուին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին: