Ժողովուրդը թող նորմալ ուրախանա, ինչ է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «քաղաքացու օր» նշելուն եւ դրա համար 124 մլն դրամ ծախսելուն:

«Հեղափոխությունը արել է ժողովուրդը եւ ժողովուրդը տոնում է այդ օրը, իշխանությունն էլ պարտավոր է այդ օրը «քաղաքացու օր» համարի: Ես սովորական Հրազդանում դուրս եմ գալու փողոց, մեկի հետ: Եթե չկարողանամ խորովածի միս ճարել, կարտոշկա կուտեմ»,-ասաց նա:

Հարցին, թե Հրազդանում փողոց դուրս գալու համար 124 մլն դրա՞մ է պետք, պատգամավորը պատասխանեց. «Ժամանակին հսկայական միլիոններ էին մսխվում, ոչ ոք տեղյակ չէր: Դուք մի հատ հետաքրքրվեք, թե Էրեբունի-Երեւանի ժամանակ ինչքան գումար է ծախսվել նախորդ իշխանության օրոք: Վազգեն Սարգսյանն ասում էր՝ ես չեմ տեսել մի ժողովուրդ, որ իր հաղթանակը չսիրի: Մարդիկ 30 տարի փոս են փորել, հիմա մենք պետք է կամաց-կամաց այդ փոսը լցնենք: Դրա համար ժամանակ է պետք»: