Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում եւ մարզկենտրոններում սպասվում են տարատեսակ միջոցառումներ: Առավոտյան Երեւանի Մարտիրոս Սարյանի պուրակում, ինչպես նաեւ մի շարք մարզկենտրոններում ծառատունկ է կազմակերպվել (ֆոտոռեպորտաժ):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երեւանի փողոցներով, լուսանկարվում ու զրուցում անցորդների հետ:
Երեւանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում այս պահին էլ ընթանում է «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկումը, որին մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Չարենցի թանգարանի հարակից հատվածում կազմակերպվել է Հայաստանի գորգարվեստին նվիրված ցուցահանդես, Ազատության հրապարակում կերպարվեստի միջոցառումներ են ու մանկական կավճանկարչություն:
Ժամը 12-ից մեկնարկել է «Միշտ դեպի վեր» կարգախոսով Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոուն:
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվա շրջանակում այսօր սպասվում են մի շարք այլ միջոցառումներ: Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել է 124 մլն դրամ, եւ միջոցառումներ կազմակերպվելու են ամբողջ հանրապետության տարածքում:











