Միմյանց դեմ անհանդուրժողականություն տարածելու փոխարեն եկեք միասին փնտրենք ճանապարհներ՝ նվազագույնի հասցնելու այս բեկված ճակատագրերի քանակը: Այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝  հանդես գալով մի քանի օր առաջ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի պաշտպանությամբ: Նրա խոսքով՝ պետության գործառույթն է ստեղծագործություններն իրացնելու համար նպաստավոր միջավայր ստեղծելը:

«Հայաստանում տարեկան լույս է տեսնում շուրջ 1800 անուն գիրք: Անկախ այն բանից, թե մեզանից ով որքան է համակարծիք այդ գրքերի ձևի, բովանդակության, ձևավորման, գրագիտության և այլ բաղադրիչների հետ, Հայաստանում գրաքննություն չկա, և չի կարող լինել»,- ասաց նա, և ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարող քաղաքական թիմը ունի բավականաչափ կամք և վճռականություն պաշտպանելու ստեղծագործական ազատությունը՝ անկախ նրանից, թե ով, ինչպես ու ինչքան ջանք կգործադրի «հասարակության զգայուն նյարդերի վրա խաղալու, և դրա արդյունքում՝ հանրության մեջ բաժանարար գծեր առաջացնելու համար»:

Շնորհանդեսը կազմակերպած ՀԿ-ին անդրադառնալով՝ Ղազարյանն ասաց, որ այն ու մի շարք այլ ՀԿ-ներ, որոնք գործում են օրենքի շրջանակներում պետության գործընկերն են, դրանք ունեն ազատ ու անարգել գործունեություն ծավալելու իրավունք. «Իրավական պետություն կառուցելու ճանապարհին որևէ խոչընդոտ, որը կստեղծվի թվարկված սկզբունքներին հակադրվելով, պետք է կանխվի իրավապահների կողմից»,- ասաց նա:

Թագուհի Ղազարյանը խոսեց նաև «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի մասին, որը 2011 թվականից համագործակցում է պետության հետ: Նա նշեց, որ այդ համագործակցության արդյունքում՝ 2015թ. այդ ՀԿ-ի օգնությամբ՝ Հայաստանում արձանագրվել է սեռական բռնությունից տուժած 142 անձ, որոնցից 56-ը՝ երեխաներ, 2016 թվականին՝ 162 տուժող, որից 53–ը՝ երեխաներ:

«Անչափահասների հետ տեղի ունեցած սեռական բռնություների 40 տոկոսից ավելին կատարվում է ընտանիքներում: Ավանդական ընտանիքների և երեխաների պաշտպանությամբ մտահոգված մեր քաղաքացիները դժվար թե նման վիճակագրությունները համարեն ավանդական ընտանիքի և երեխաների պաշտպանվածության ցուցիչ: Ձևացնելով, թե չգիտենք կամ չենք նկատում այս ամենը, խուսափելով առերեսվել այս իրականությանը՝ մենք ամենևին չենք նպաստում նման դեպքերի կանխարգելմանը: Ես չեմ կարող հավատալ, որ մեր մեջ կա մարդ, ում չի մտահոգում այս վիճակագրությունը, ով չի ցանկանում կանխարգելել նման միջադեպերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված գրքի շնորհանդեսի ժամանակ ներխուժել է մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:

Ավելի ուշ Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում դատապարտել էր տեղի ունեցած միջադեպը: